Սեվիլյան իր դռները բացեց ավելի քան 60 սևազգեստ կանանց առջև
<<Սևազգեստ կանայք>>-ը ֆեմինիստների խոշոր շարժում է, որի անդամները պայքարում են պատերազմի, ռազմամոլության, բռնության դեմ և գործում են հանուն խաղաղության և արդարության: Շարժումը սկսվել է 1988 թվականին Իսրայելում և մի քանի տարում իր շուրջը հավաքեց հազարավոր ակտիվ կանանց ամբողջ աշխարհից: Այսօր ցանցը ավելի ու ավելի է մեծանում՝ ներառելով նոր երկրներ և նոր ֆեմինիստներ: Մեր կազմակերպության նպատակներից մեկն է քաջալերել և ընդգծել խաղաղարար կանանց դերը՝ որպես խաղաղության կայացման գործընթացների կարևոր մասնակիցներ: 2011 թվականին կազմակերպության ամենաակտիվ երիտասարդները Սևազգեստ կանանց շարժումը բերեցին Հայաստան՝ հանուն խաղաղության և ընդդեմ բռնության ու բոլոր տեսակի խտրականությունների: Որպես այս մեծ ցանցի անդամ՝ մեր կազմակերպության 2 անդամ մասնակցեցին Սևազգեստ կանանց առաջին եվրոպական հանդիպմանը, որը տեղի ունեցավ ապրիլի 28-30-ին Իսպանիայի Սեվիլյա քաղաքում: Այս կոնֆերանսը, որը հիմնված էր մասնակցային մոտեցման վրա, շատ յուրահատուկ էր, քանի որ առաջին անգամ էր, որ տարբեր տարածաշրջանների և երկրների Սևազգեստ կանայք հավաքվել էին մեկ վայրում: Գործելով աշխարհի տարբեր վայրերում՝ Սևազգեստ կանանց խմբերի մեծ մասն իրար առաջին անգամ էին հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ թեմաներ: Միմյանց հետ ծանոթանալուց հետո մենք խոսեցինք Սևազգեստ կանանց արդի խնդիրների մասին: Առաջին և հիմնական խնդիրը երիտասարդության ներգրավվածության խնդիրն է: Մասնակիցներից շատերը 50-ից բարձր տարիքի են և, իհարկե, սա ցանցի համար մեծ խնդիր է: Եվ քանի որ հայկական Սևազգեստ կանայք 40-ից փոքր տարիքի կանայք են, այլ երկրների ներկայացուցիչները շատ ոգեշնչված էին և ջերմորեն ողջունեցին մեր կազմակերպության՝ երիտասարդներին շարժման մեջ ներգրավելու նախաձեռնությունը:
Երկրորդ և ոչ պակաս խնդիր էր ֆեմինիզմի գաղաղափարախոսության և ոչ բռնի իրավիճակների մեկնաբանման վերաբերյալ տարբեր պատկերացումները: Երբեմն պատահում է, որ նույն երկրում Սևազգեստ կանայք բաժանվում են 2 իրարամերժ խմբերի՝ հակառազմամոլ և ֆեմինիստ: Անշուշտ, սա պառակտման, միմյանց չհասկանալու և այլ անդամների հետ համագործակցության բացակայության պատճառ է: Օրինակ, մի կին գալիս է միանալու խմբին միայն այն պատճառով, որ նա դեմ է պատերազմին և ճնշմանը: Սա մի փոքր տարակուսանքի մեջ է դնում անդամներին, քանի որ Սևազգեստ կանայք ֆեմինիստների խմբեր են, ովքեր նախևառաջ գործում են որպես ֆեմինիստներ: Մյուս կողմից, մի շարք ֆեմինիստներ միանում են ցանցին՝ կարծելով, որ այստեղ նրանք կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունները սեքսուալության, հղիության անվտանգ ընդհատման և այլ խնդիրների մասին՝ մոռանալով Սևազգեստ կանանց յուրահատուկ առաքելության և գոյության պատճառը: Մյուս խնդիրը ցանցում կապի և համագործակցության բացակայությունն է: Մի երկրում կարող են առկա լինել 3 կամ 4 Սևազգեստ կանանց խմբեր, որոնք տեղեկացված չեն միմյանց գործունեության մասին, և հետևաբար նրանք չեն աջակցում միմյանց և համախմբած չեն: Ավելին, Ֆրանսիայում կամ Իսպանիայուն Սևազգեստ կանանց խմբերը կարող են համագործակցեն այլ խմբերի, բայց ոչ միմյանց հետ:
Ամփոփելով խնդիրները և փորձելով լուծումներ գտնել դրանց համար՝ մենք սկսեցինք կոնֆերանսի երկրորդ օրը՝ քննարկելով հետևյալ կետերը: * Ճգնաժամային քաղաքականությունը խոցում է ամբողջ հասարակությունը, մասնավորապես՝ կանանց: * Ճգնաժամային քաղաքականությունը խթանում է պատերազմն ու ռազմամոլությունը: * ՆԱՏՕ: ինչպես է այն ներգործում ԵՄ-ի և առանձին պետություների քաղաքականության վրա: *Մեդիա: գաղտնիքների, լռության և ստի միջև: Երրորդ օրվա ընթացքում մենք քննարկեցինք մեր՝ որպես Սևազգեստ կանանց, միասնական գործողությունները, որի արդյունքում գրեցինք պաշտոնական նամակ ACAA-ին, քննարկեցինք Իսրայելի Սևազգեստ կանանց հետ Պաղեստին այցը, ինչպես նաև անդամ երկրներում միասնական բողոքի ակցիաներ անցկացնելու կազմակերպչական հարցերը: Բացի այդ, մենք քննարկեցինք սոցիալական մեդիայում Ֆեյսբուքյան էջի ստեղծման հարցը, որպեսզի մարդիկ իմանան այս մեծ ցանցի, նրա գործողությունների մասին, ինչպես նաև երիտասարդներին շարժման մեջ ներգրավելու համար: Ավելին, յուրաքանչյուր երկրի Սևազգեստ կանայք պետք է կազմակերպեն դասընթացների հակառազմամոլության և ֆեմինզմի վերաբերյալ՝ բարձրացնելու երիտասարդ կանանց իրազեկվածությունը այս կարևոր խնդիրների շուրջ: Եվ վերջում, մենք քննարկեցին Սևազգեստ կանանց հաջորդ՝ երկրորդ եվրոպական հանդիպման վայրն ու պատասխանատու երկիրը:
Մենք վերադարձանք հանդիպումից էներգիայով և խանդավառությամբ լի և տպավորված տարբեր երկրներում իրենց համայնքներում Սևազգեստ կանանց կատարած աշխատանքներով: Մենք ավելի քան ուրախ ենք, որ Հայաստանի Սևազգեստ կանայք այս ցանցի մի մասն են, և համոզված ենք, որ շարժումը մեր երկրում ավելի ուժեղ և իմաստալից կլինի՝ ներառելով նոր համախոհների: Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրական դարձրին մեր մասնակցությունը, առանձնահատուկ շնորհակալություն կազմակերպիչներին և յուրաքանչյուր Սևազգեստ կնոջ` մեզ այսքան էներգիա և հավատ տալու համար, հավատ, որ կգա մի ժամանակ, երբ երկրում էլ պատերազմ ու բռնություն չեն լինի, երկիր, որտեղ մարդիկ կհարգեն միմյանց և կլինեն լի սիրով և հոգատարությամբ: